Ալիևի «օգնությունը» Սերժ Սարգսյանին

289
Загрузка...

Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնում Ալիևի «ինադու», կամ չավարտված պատերազմի սինդրոմը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Նա հիշեցրել է, որ հիմա էլ Ալիևը Երևանն է ուզում, ինչի համար էլ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը մնա երկրի առաջնորդ:

Գեներալի ասածից ստացվում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հիմնական մոտիվը Ալիևի ռազմատենչությունն է: Սեյրան Սարոյանն ակադեմիական կրթություն չունի և ասելիքը մատուցել է պարզունակ բանաձևով, սակայն դրանից նրա խոսքի օբյեկտիվությունը չի կորում: Իրականում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց «կենսունակություն» են հաղորդում իրենց իռացիոնալ վարքագծով: Քանի որ Բաքուն պետական մակարդակով ձգտում է պատերազմի, ապա Հայաստանում ինքնաբերաբար առաջին պլան է մղվում անվտանգության հարցը` իշխանության կառուցվածքն ու կադրային կազմը հարմարեցնելով այդ հրամայականին:

Համոզված ենք` Բաքվում ոմանք էլ Ալիևի իշխանության հավերժացնումն են մոտիվացնում երևանյան «բազեների» գործոնով: Հակամարտությունն ու չավարտված պատերազմը բարդույթավորում են դրանցում ներքաշված երկրների քաղաքական համակարգերը` այն պարագայում, երբ իշխանությունները բավարար կամք չունեն` խաղաղության հասնելու համար: Մյուս կողմից` հակամարտ երկրների իշխանությունները խաղաղության գործընթացի սուբյեկտ կարող են լինել, եթե օժտված են քաղաքական լեգիտիմությամբ և ունեն հանրային վստահության բավարար պաշար:

Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական կայունություն, դասական իմաստով, գոյություն չունի, որովհետև հասարակություններն ոչ թե կոնսոլիդացված են ռացիոնալ գաղափարների շուրջ, այլ լռում են` իշխանությունների հարկադրանքի կամ նրանց հետ «ֆինանսական» կոնսենսուսի հետևանքով: Նման իշխանություններն ունեն վերարտադրության մեկ այլ մոտիվացիա, հիմնավորում. նրանք հասարակություններին կոնսոլիդացնում, ըստ էության` վախեցնում են արտաքին թշնամու կերպարով: Օբյեկտիվորեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի իշխանությունները չունեն գործունեության ռացիոնալ մոտիվ և իրենց գոյությունն ապահովում են` մեկը մյուսի «թշնամական» կերպարով:

Ստացվում է ` Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունները գործընկերներ են, սակայն ոչ թե խաղաղություն հաստատելու, այլև միմյանց «կենսունակությունն» ապահովելու հարցում: Երևանի և Բաքվի իշխող շրջանակներին այսօրվա ստատուս-քվոն խիստ ձեռնտու է, որովհետ պատերազմի վրա են «դուրս գրվում» կոռուպցիան և անորակ կառավարումը, ընտրությունների կեղծումն ու պետական մակարդակով բեսպրեդելը:

Հայաստանի և Ադրբեջանի հետպատերազմյան իշխանությունները չկարողացան հասնել խաղաղության` ավելի հակվելով դեպի ավտորիտարիզմը: Տրամաբանական է ենթադրել, որ խաղաղության գործընթացը կարող է հանգեցնել նոր որակի իշխանությունների ձևավորմանը և կառավարման մակարդակի բարձրացմանը:

նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական 

Загрузка...

loading...