Ինչու է աղմկում Forbes-ը. ահազանգ Երևանին

165
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Forbes ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու 2017 թվականի լավագույն երկրների ցանկը: 153 երկրներից Հայաստանն այս ցանկում զբաղեցնում է 88-րդ տեղը՝ Մոլդովայից հետո: Ուշագրավ է, որ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշով Հայաստանը զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում` Ադրբեջանին, որը ցանկում զբաղեցնում է 70-րդ տեղը:

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու լուրջ խոչընդոտ է համարվում այն, որ Հայաստանն ունի ընդամենը երկու բաց սահման: Այլ խոսքով` ԼՂ հակամարտության առկայությունը և հայ-թուրքական փակ սահմանը լուրջ խոչընդոտ են համարվում Հայաստանի տնտեսության զարգացման համար` ի հեճուկս մեզանում հնչող գնահատականների, որ ղարաբաղյան հարցում ձեռնտու է ստատուս-քվոյի ամրապնդմանը միտված քաղաքականությունը: Forbes-ն, ըստ էության, զարգացնում է հակառակ տրամաբանությունը, որ հակամարտությունների կարգավորումը կբերի հարևան երկրների հետ սահմանների բացմանը և տնտեսության զարգացմանը:

Ամերիկյան հեղինակավոր ամսագիրն արձանագրում է, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ. «Հայաստանը կախված է հիմնականում Ռուսաստանից, քանի որ նրա հիմնական ենթակառուցվածքները ռուսական են և կամ կառավարում են ռուսական ընկերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում»:

Ֆինանսատնտեսական ամերիկյան հեղինակավոր ամսագիրը նշում է՝ Հայաստանի կառավարությունը, թեև, վերջին տարիներին որոշակի բարեփոխումներ է իրականացրել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները հիմնականում անարդյունավետ են: Սա արդեն լուրջ ահազանգ է, որ միջազգային փորձագիտական կենտրոններում արժանահավատ չեն համարում Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն խոստումները, իսկ նման անբարենպաստ համատեքստով հնարավոր չէ ակնկալել գործարարության զարգացում կամ օտարերկրյա ներդրումներ, մանավանդ, որ զեկույցում ակնարկվում է դատական անկատար համակարգի, մենաշնորհների մասին:

«Որպեսզի երկիրը բիզնեսի և ներդրումների համար գրավիչ դարձնի, Հայաստանի կառավարությունը ստիպված է լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- ասված է Forbes-ի զեկույցում:

Միջազգային փորձագիտական այս զեկույցը, ըստ էության, փաստում է, որ Հայաստանն ունի հետամնաց օլիգոպոլ տնտեսություն, որն ավելի շուտ ռուսական տնտեսության կցորդն է` իր վրա կրելով կոռուպցիայի և մենաշնորհների կնիքը:

Forbes-ի զեկույցն անուղղակի գնահատական է Հայաստանի կառավարության գործունեությանը, ավելի շուտ արձանագրում է, որ կարգասխոսային, ոչ իրական բնույթ է կրում Կարեն Կարապետյանի հռչակած հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությունը:

Forbes-ի զեկույցն ինքնին կարևոր է, որովհետև ուղենշային է առաջատար պետությունների կառավարությունների, մասնավոր ներդրողների համար: Միևնույն ժամանակ` Forbes-ի զեկույցն ահազանգ է Հայաստանի կառավարության համար. ներդրումներն ու գործարար ակտիվությունը հարկ է խրախուսել` ոչ թե ակումբներ ստեղծելով կամ համաժողովներ անցկացնելով, այլ` ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Դրանք Հայաստանում բացակայում են քսան տարուց ավելի` չնայած այն հանգամանքին, որ իրար հաջորդող կառավարությունները առաջնահերթություն են հռչակել տնտեսության արդիականացումն ու ներդրումների խրախուսումը:

Տնտեսության ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման առաջնային չէ նույնիսկ համակարգային տրանսֆորմացիայի և ապրիլյան գործընթացների համատեքստում:

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Загрузка...

loading...