Խայտառակության արժեքը. Եթե խաղար Մխիթարյանը…

54
Загрузка...

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին մրցավեճում «Արսենալը» ձախողվեց: Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում Վենգերի թիմը չկարողացավ հաղթել գրեթե ողջ հանդիպումը 10 ֆուտբոլիստներով անցկացրած Մադրիդի «Ատլետիկոյին»: Ավելին, հանդիպման վերջնամասում հյուրերը Անտուան Գրիզմանի շնորհիվ գոլ խփեցին:

Նման մակարդակի թիմերի հետ մրցավեճում սեփական հարկի տակ թվային գերակշռություն ունենալու պարագայում գոլ ընդունելը, կարծում ենք, ամոթալի է: Նշենք, որ մինչև գոլ խփելը «Ատլետիկոն» վատնել էր ահռելի էներգիա, և թվում էր, թե «Արսենալը» հաղթանակի կհասնի համոզիչ հաշվով:

«Ուղղակի հիասթափված եմ: Խաղն անցավ մեր թիմի առավելությամբ, և մենք պարտավոր էինք հաղթել: Գրանցված արդյունքը վատագույնն եմ համարում: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի տրամադրվենք և պատասխան խաղում դրական արդյունքի հասնենք: Պետք է փորձենք եզրափակչի ուղեգիր նվաճել Մադրիդում: Այո, ցավալի էր, որ մրցակիցը կարողացավ ոչնչից խփել պատասխան գոլը: Այդ դրվագում տեղի ունեցավ անհավանական մի բան, որը փչացրեց ամեն ինչ: Իմ ֆուտբոլիստներն ուղղակի ձեռքից բաց թողեցին եզրափակչի ուղեգիր ապահովելու հնարավորությունը: Մենք ճնշել էինք մրցակցին, և ակնհայտ էր, որ ունեինք այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է «Ատլետիկոյի» դարպասապահ Օբլակին, ապա նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Վստահաբար կարող եմ ասել, որ Օբլակը Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է: Դրա ապացույցը այսօրվա խաղն է: Նշեմ նաև, որ մենք խաղում էինք մի թիմի հետ, որը, ըստ վիճակագրության, Եվրոպայի լավագույն պաշտպանությունն ունի»,- ասել է Վենգերը:

«Մենք արժանի էինք դրական արդյունքի: Ես նույնիսկ չեմ մտածել, որ «Ատլետիկոն» այսօր կարող էր զիջել: Մենք ապացուցել ենք, որ մեծ թիմ ենք: Թիմ, որը կարողանում է համբերել և ճիշտ ժամանակին օգտագործել հնարավորությունը: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե որքան դժվար է խաղալ պաշտպանությունում արագ և ագրեսիով ֆուտբոլ ցուցադրող մրցակցի դեմ: Այո, ֆուտբոլը խաղ է, իսկ խաղը պետք է վայելել: Նման իրավիճակներում, սակայն, պետք է տղամարդկություն ունենալ 10 հոգով 80 րոպե պաշտպանվելու համար: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի բնավորություն ունենք մենք: Պատասխան խաղում չպետք է թուլացնենք ճնշումը: «Արսենալը» փորձելու է ետ բերել կորցրածը, բայց մենք ի զորու ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- նշել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Ի դեպ, հնարավոր է, որ ՈՒԵՖԱ-ն Սիմեոնեին որակազրկի 3 խաղով: Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ խաղի սկզբում նա բուռն կերպով էր արձագանքել մրցավարի որոշմանը՝ պահանջելով, որ «Արսենալի» պաշտպան Բելերինը դեղին քարտ ստանա: Հանդիպման մրցավար Կլեման Տյուրպեն իր հասցեին հնչեցված վիրավորանքների համար կարմիր քարտ էր ցույց տվել Սիմեոնեին:

Ինչևէ, «Ատլետիկոյի» հետ առաջին հանդիպումը բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Արդեն այսօր հնչում են կարծիքներ, որ Մխիթարյանի՝ խաղադաշտում լինելու դեպքում լոնդոնյան թիմը բոլորովին այլ արդյունք կգրանցեր: Վենգերի թիմը կարծես գրագետ էր գործում, ստեղծում էր գոլային հնարավորություններ, բայց վերջին պահին «Արսենալին» ինչ-որ բան խանգարում էր:

Երեկ խաղադաշում իրենց բարձրության վրա էին ստեղծագործ ֆուտբոլիստներ Ռեմսին, Օզիլը, Ջական: «Արսենալի» կազմում միակ գնդակը խփեց նոմինալ հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Այդուհանդերձ, նրա գործողությունները ընդհանուր առմամբ գոհացնող չէին: Կիսապաշտպանական ողջ ներուժը ստեղծում էր գոլ խփելու իրական հնարավորություններ, սակայն Լակազետը շարունակ կորչում էր «Ատլետիկոյի» պաշտպանների շրջափակման մեջ:

Մխիթարյանի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղադաշտում լինելու դեպքում «Արսենալի» գրոհների եզրափակիչ մասը իսկապես կարող էր ավելի սուր լինել: Խուլ պաշտպանության անցած մրցակցի դեմ Մխիթարյանը կամա թե ակամա կգործեր կրակագծում, քանզի միջին հատվածն ամբողջովին «Արսենալի» վերահսկողության տակ էր: Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ Մխիթարյանը հատկապես հաջող է խաղում, երբ մրցակիցը տարածություն է տալիս:

«Ատլետկիոն» երեկ երկշերտ և նույնիսկ եռաշերտ պաշտպանությամբ տարածությունից զրկել էր «Արսենալի» ֆուտբոլիստներին: Այս պարագայում հնարավոր է՝ Մխիթարյանը դժվարություններ ունենար, քանզի նա չունի Օզիլի պես մանյովրելու և գնդակ պահելու ունակություն: Ամեն դեպքում մեր ֆուտբոլիստի՝ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը մասնակցելը որոշակիորեն կավելացնի եզրափակիչ դուրս գալու «Արսենալի» հնարավորությունները:

Կարելի է ասել, որ «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպումը վերջին հնարավորությունն է Վենգերի համար եվրագավաթների խաղարկությունում հաջողության հասնելու: Մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացի մասնագետը հեռանալու է «Արսենալից», ու հիմա կա բացառիկ հնարավորություն պատվով հեռանալու և երազանքն իրագործելու համար:

«Ատլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին:

Загрузка...

loading...