Կառավարությունը սկսեց խոշորից. որն է հաջորդելու «Տաշիր»-ին

152
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

«Տաշիր կապիտալ» ընկերության հետ բարձրավոլտ էլեկտրացանցերի հավատարմագրային կառավարման վերաբերյալ պայմանագրի չեղարկումը, որի առնչությամբ կառավարության որոշման մասին նախօրեին հայտարարել է էներգետիկայի նախարարը, հատկանշական և բավականին առանցքային իրողություն է մի շարք առումներով: Իրողությունն առաջին հերթին ուշադրության է արժանացել իհարկե այն առումով, որ «Տաշիր կապիտալ»-ը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որն էլ ըստ էության դիտարկվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկ թիմում: Այդ ամենն էլ, բնականաբար, առանձնակի լույսի ներքո է դիտարկվում Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխության գործընթացում, դրանում Կարեն Կարապետյանին առնչվող հայտնի «դրվագի» համատեքստում, ինչպես նաև իշխող ՀՀԿ-ի ներքին գործընթացների շրջանակում, որտեղ հարցերի շարքում է նաև Կարեն Կարապետյանի ճակատագիրը:

Ի վերջո, ՀՀԿ-ում ներկայումս տեղի են ունենում ներկուսակցական խմորումներ, կարծես թե սկսվել է կուսակցության տրոհման գործընթաց, համենայնդեպս, խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է երկու պատգամավոր, մեկը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ զարմանալի չի համարում, չի բացառում, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կարող է դառնալ փոքրամասնություն: Սակայն զուտ ներքաղաքական, ու նաև այդ համատեքստում ներհհկական իրողությունների վրա իր ազդեցությունից բացի, «Տաշիր կապիտալ»-ի հետ պայմանագիրը չեղարկելու նոր կառավարության որոշումն ունի նաև այլ ուշագրավ համատեքստ և տալիս է այլ, ոչ միայն ոչ պակաս, այլ գուցե թե ավելի կարևոր դիտարկումների առիթ: Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը պայմանագիրը չեղարկում է, որովհետև դրանում եղել են պետությանը ոչ ձեռնտու, ոչ շահեկան դրույթներ: Մանրամասներ դեռևս հայտնի չեն, թե հատկապես որ դրույթների համար է տեղի ունեցել վերանայումը, բայց ներկայացված բացատրությունը բավականին հստակ է: «Տաշիր կապիտալ»-ի հետ պայմանագիրը կնքվել է նախորդ կառավարության շրջանում, իսկ ուժի մեջ պետք է մտներ 2018 թվականից: Ինքնին հանգամանքը, որ պայմանագիրը կնքելու և դրա ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը բավականին մեծ է, առաջացնում է հարցեր՝ ինչո՞ւ է թողնվել այդպիսի մեծ ժամանակահատված, մինչև հավատարմագրային կառավարումն ուժի մեջ մտնելը ի՞նչ անելու կամ հասցնելու համար:

Այդ տեսանկյունից, հարցն իհարկե ավելի լայն է և առնչվում է նախորդ կառավարության և կառավարությունների գործունեության ընթացքում պետգույքի կառավարման բովանդակությանն ու արդյունավետությանը, դրանում պետական և հանրային շահի պաշտպանվածությանը: Տարբեր տարիներին մամուլի տարբեր հրապարակումներ անդրադարձել են պետգույքի կառավարման այս կամ այն խնդրահարույց դրվագին, սկսած պետական գույքի կառավարման կամ մասնավորեցման, այսպես ասած, անմրցույթ որոշումներից, մինչև անարդյունավետ պայմանագրեր: Մտածել, թե «Տաշիր կապիտալ»-ն այստեղ միակն է, թերևս կլինի միամտություն: Ըստ այդմ, առաջանում է հարց, թե արդյո՞ք նոր կառավարությունը թեկուզ միջնաժամկետ հեռանկարում մտադիր է վերանայել այդօրինակ բոլոր գործարքները, իրականացնել յուրօրինակ գույքագրում և հասկանալ, թե պետական գույքի հավատարմագրային կառավարման կամ այլ իրավական կարգավիճակով տնօրինման վերաբերյալ պայմանավորվածություններում ինչ խնդիրներ կան, որոնք ունեն անհապաղ վերանայման կարիք և պարունակում են կոռուպցիոն ահռելի ռիսկեր: Անշուշտ, այստեղ պահանջվում է չափազանց զգուշություն, մասնավոր ներդրողների իրավունքների պաշտպանության հարցում, որովհետև խնդիրը պետք է լինի պետության շահը պաշտպանելը՝ առանց ներդրողների շահերը ոտնահարելու:

Մյուս կողմից, սակայն, այստեղ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ներդրողները իրենք կոռուպցիոն պայմանավորվածության մեջ չեն եղել պետական պաշտոնյաների հետ՝ պետգույքի կառավարման կամ մասնավորեցման այս կամ այն գործարքի պարագայում: Ի վերջո, երբ իրավապահ մարմինները հատուկ գործողություն են անում, օրինակ, այս կամ այն օլիգարխին պատկանող բիզնեսն ուսումնասիրելու համար, խոշոր հաշվով, այստեղ որևէ խնդիր չի առաջանում ներդրողի շահերի պաշտպանության տեսանկյունից, որովհետև բոլորն են հասկանում, որ կա ստվերային, կոռուպցիոն մեխանիզմների, արտոնյալ դիրքի կազմաքանդման խնդիր: Նույն կերպ այդ խնդիրն առկա է նաև պետգույքի տնօրինման առումով, և այստեղ իրավական քննությունն ու իրավիճակի հանգամանալից պարզաբանումը ամենևին չի կարող դիտվել իբրև ներդրողների շահերի ոտնահարում: Եվ հակառակը, կարիք կա հենց հասկանալ, թե արդյո՞ք պետգույքի կառավարումը իրականացվել է հավասար տնտեսական մրցակցության սկզբունքը պահպանելով: Եթե, օրինակ, «Տաշիր կապիտալ»-ի դեպքում ունենք կանխարգելված իրավիճակ, ապա պետգույքի կառավարման բազմաթիվ այլ օրինակների պարագայում ունենք արդեն պոստֆակտում, ընդ որում տարիներով ձևավորված պոստֆակտում վիճակներ, որոնք սակայն պահանջում են սխալների և կոռուպցիոն ռիսկերի հրատապ հայտնաբերում ու չեզոքացում, հանրային ու պետական ռեսուրսների արդյունավետության էական բարձրացման համար, որի հրամայականն առկա է մի շարք հանգամանքների բերումով:

Եվ այդ տեսանկյունից ազդակը բավականին տպավորիչ է, այն իմաստով, որ նոր կառավարությունը չեղարկում է բավականին հզոր և խոշոր խաղացողի հետ կնքված պայմանագիր, դրանով ցույց տալով, որ իրավականության և արդյունավետ կառավարման խնդրի լուծման ճանապարհին չունի որևէ կաշկանդվածություն: Այդ տեսանկյունից թերևս հետաքրքիր հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք նոր կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվելու հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը, որ տասը տարի առաջ հանձնվել է ռուսական երկաթուղիներին, և որի տասնամյա ընթացքում դժվար է արձանագրել երկաթուղային ոլորտի տասը էական քայլով առաջընթաց: Թեև ինչի մասին կարող է լինել խոսքը, եթե տասնամյա հավատարմագրային կառավարման տասներորդ տարում Հայաստանին երկու ժամանակակից վագոնի տրամադրումը դառնում է միջև անգամ կառավարության մակարդակով արձանագրվող իրադարձություն: Խոսքն իհարկե նախորդ կառավարության մակարդակի մասին է:

Загрузка...

loading...