Կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին. Ալեքսանդր Դուգին

203
Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս իրավիճակը Սիրիայի շուրջ: Ինչպե՞ս է արտահայտվում տարածաշրջանային խաղացողների և գերտերությունների շահերի միջնորդավորված կամ ուղղակի բախումը սիրիական գետնի վրա:

– Առաջին հերթին ուզում եմ ասել, որ իրադրությունը Սիրիայում ցույց տվեց միաբևեռ աշխարհի քայքայումը: Սա թերևս գլխավոր եզրակացությունն է: Աշխարհն այսօր բազմաբևեռ է: Ոչ ոք չի կարող միակողմանիորեն որոշել որևէ երկրի ճակատագիրը, և սա շատ մեծ արդյունք է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վերջ տրվեց սուննիական իսլամի մասին վահհաբիական-սալաֆիական պատկերացումներին: Արմատական սուննիզմը, որպես իսլամի դեմք ցուցադրելը, շատ գրավիչ, կլանող մոդել էր, բայց այն ձախողվեց: Այժմ սուննիական իսլամը նոր մոդելներ է փնտրում:

Դժվարությամբ, բայց աստիճանաբար ձևավորվում է դաշինքը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, շատ բարդ դաշինք, որը փոխում է ուժերի փոխդասավորությունը Մերձավոր Արևելքում: Եվ քրդական գործոնը, որը վերջին խաղաքարտն էր ամերիկացիների ձեռքում, ևս դադարեց լինել նրանց արտոնյալ գործիքը: Քրդերը հասկացան, որ ամերիկացիները կա՛մ դավաճանել են իրենց, կա՛մ էլ պարզապես ի զորու չեն անելու այն, ինչ իրենց խոստացել են, և հիմա փնտրում են նոր կողմնորոշիչներ: Այդպիսով՝ միաբևեռ աշխարհի մոդելի այս գործոնները, այդ թվում՝ Թուրքիան, որոնք մասնակցում էին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի կողմից, այժմ փաստացի տարբերակված են: Բայց բազմաբևեռ աշխարհը համադարման չէ, բոլոր խնդիրների լուծում չէ: Այն պարզապես ցույց է տալիս գլոբալ խաղի հաշվեկշռի փոփոխությունը: Հակասությունները, կոնֆլիկտները պահպանվում են, բազմաթիվ չլուծված խնդիրները ևս պահպանվում են: Հարացույցների փոփոխումը չի նշանակում ավտոմատ երջանկություն, բարգավաճում և խնդիրների լուծում, պարզապես փոխվում է ընդհանուր համատեքստը, իրավիճակը: Եվ եթե միաբևեռ աշխարհն առաջացնում է կոնֆլիկտների իր մոդելները, որտեղ Ամերիկան է, ըստ էության, որոշում՝ ում զոհաբերել և ում խնայել և դարձնել իր դաշնակիցը, ապա բազմաբևեռ աշխարհում այդ որոշումները կայացվում են նաև մյուս բևեռների կարծիքը հաշվի առնելով: Բայց դա չի նշանակում, որ կոնֆլիկտներն ավելի կոշտ ու դաժան են դառնում: Պարզապես միաբևեռ աշխարհն իր կոնֆլիկտներն ու լուծումներն ունի, իսկ բազմաբևեռ աշխարհը՝ իր կոնֆլիկտներն ու լուծումները: Ուստի, բազմաբևեռ աշխարհի առաջացումը չի նշանակում ավտոմատ բոլոր խնդիրների լուծում: Մերձավոր Արևելքը շատ լուրջ և խոր խնդիր է: Այն ունի գաղութատիրական արմատներ, արտացոլում է պատմական շատ շերտեր, ուստի այս խնդիրները պահպանվում են, բայց դրանց իմաստաբանությունը, իմաստային բեռնվածությունը փոխվում է:

– Որքան հասկացա՝ դուք դրական եք վերաբերվում բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, մինչդեռ շատ փորձագետներ Եվրոպայից ավելի բացասական են գնահատում այս երևույթը՝ ասելով, որ բազմաբևեռ աշխարհ նշանակում է ավելի շատ մրցակցություն և ավելի շատ անկայունություն, և ավելի լավ է, որ լինի մեկ «ժանդարմ», որը կհաստատի միջազգային կարգ և խաղաղություն:

– Դա իրականում, եթե կուզեք, տեսական հարց է: Կան միաբևեռ աշխարհի կողմնակիցներ, որոնք բերում են իրենց փաստարկները, և կան բազմաբևեռ աշխարհի կողմնակիցներ, որոնք իրենց փաստարկներն ունեն:

Կան ատլանտիստներ և կան եվրազիստներ, կան ռեալիստներ և կան լիբերալներ: Դա չի նշանակում, որ իմ տեսակետը կանխահայտորեն սխալ է, իսկ ձեր կողմից նշված փորձագետներինը՝ կանխահայտորեն ճիշտ: Ո՛չ, հնարավոր է տարբեր կերպ բացատրել աշխարհակարգը: Այսօր աշխարհը դառնում է բազմաբևեռ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետևանքով, և ես՝ որպես ռուս հայրենասեր, չեմ կարող չուրախանալ դրանով: Ես կողմնակից եմ բազմաբևեռ աշխարհի տեսությանը: Ավելին, ես եմ այն ձևակերպել: Բազմաբևեռ աշխարհը իմ հեղինակած գրքի անվանումն է, մի կարևոր աշխատության, որն այժմ թարգմանվում է բոլոր լեզուներով, ուստի ես չեմ կարող հերքել սեփական գաղափարները կամ հրաժարվել սեփական համոզմունքներից: Բացի այդ, ես կողմնակից եմ բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, քանի որ դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին՝ որպես մեծ տերության, որը գլխավոր դերերից մեկն է խաղալու այդ աշխարհում: Բայց մյուս կողմից, կարծում եմ, որ մարդը կամ փորձագետը, երկիրը կարող է ունենալ ցանկացած տեսակետ, բայց ձեր կողմից նշված փորձագետների կարծիքը «պայմանական իմաստություն» չէ, որը կիսում են բոլորը: Այսօր դա այլևս չկա: Այսօր պետք է ասել՝ ես միևաբևեռ աշխարհի կողմնակից եմ: Խնդրեմ, քո ձայնը լսում են: Ես բազմաբևեռ աշխարհի կողմինակից եմ: Խնդրեմ, քո ձայնն էլ են լսում: Առաջանում են առնվազն երկու դիրքորոշումներ, ոչ թե մեկը: Եվ սա գլխավորն է, որ իր հետ բերել է Ռուսաստանը: Նա փոխել է, ես կասեի, միջազգային հարաբերությունների գիտական հարացույցը:

– Ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրն ամենակարևոր հարցերից է այս համատեքստում: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը բնութագրվում է որպես «մրցակից ուժ», որը մարտահրավեր է նետում ամերիկյան ազդեցությանն ու շահերին: Ի՞նչ քաղաքականություն է այսօր իրականացնում Միացյալ Նահանգները Ռուսաստանի ուղղությամբ: Ո՞րն է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների նպատակը: Եվ ինչպե՞ս այս դիմակայությունը կազդի Ռուսաստանի գործընկերների և դաշնակիցների վրա, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է:

– Նախ, հետաքրքիր է այն, որ ամերիկյան դոկտրինը ընդհանուր առմամբ լինելու է հակառուսական՝ անկախ այն հանգամանքից՝ այնտեղ գերակշռելու է գլոբալիզացիան, թե ատլանտիզմը: Թրամփի օրոք գերիշխող մոդելը, իհարկե, ռեալիզմն է: Բայց այս դեպքում էլ Ռուսաստանը հանդիսանում է ամերիկյան հզորությունը սահմանափակող գործոն: Ռուսաստանը կարող է ընդունվել և՛ որպես գործընկեր, և՛ որպես մրցակից:

Բայց ըստ միաբևեռ աշխարհի մոտեցման՝ Ռուսաստանը պարզապես պետք է անհետանա որպես ինքնիշխան պետություն, այնպես որ, հարացույցների և նրբերանգների որոշակի տարբերություններ կան, ընդ որում՝ երկու դեպքում էլ վերաբերմունքը Ռուսաստանին բացասական է լինելու: Այլ հարց է, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջարկել էր ընդհանրապես հրաժարվել նման իմպերիալիստական օրակարգից, բայց այդ մոտեցումը չկիրառվեց քաղաքական պրակտիկայում, իսկ դրան զուգահեռաբար Թրամփի վարչակազմի մեջ ընդգրկվեցին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մեթիսը, Մաքմասթերը և նույնիսկ Պետրեուսը, որոնք ներկայացնում են ռեալիզմի գաղափարախոսության իմպերիալիստական տարբերակը: Թեև դա էլ ամերիկյան ավանդույթներից մեկն է: Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը եղել և մնում է և՛ գլոբալիզմի, և՛ ատլանտիզմի թշնամին: Այլ հարց է, որ ռեալիստները ճանաչում են Ռուսաստանի գոյության իրավունքը՝ միևնույն ժամանակ փորձելով ամեն կերպ թուլացնել նրան, իսկ մյուսները չեն ճանաչում: Սա շատ նուրբ, աշխարհայացքային, գաղափարական հարց է: Բայց ես կարծում եմ, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատումը ներգծված է աշխարհաքաղաքական քարտեզի կառուցվածքի մեջ, և աշխարհաքաղաքականության ցանկացած մասնագետ կարող է բացատրել՝ ինչու, ինչպես և այլն: Ես բազմիցս դասախոսություններ եմ կարդացել այս թեմայով տարբեր երկրներում, հիմա չեմ կարող այդ ամենը կրկնել, թե ինչու է աշխարհաքաղաքականությունը ծովի և ցամաքի պայքար:

Բայց ուզում եմ ասել, որ այդ պատճառով Ռուսաստանի դաշնակիցները պետք է հանգստություն պահպանեն: Եթե դաշնակիցները, օրինակ՝ Հայաստանը, ընտրել են Ռուսաստանին, ապա պետք է մնալ դաշնակից՝ դրա բոլոր դժվարություններով հանդերձ: Եթե փորձի անցնել մյուս կողմ՝ տարածքային առումով Արևմուտքից լինելով հեռու, տեսնելով, որ Արևմուտքը չի կարողանում ո՛չ հետխորհրդային տարածաշրջանում, ո՛չ էլ նույնիսկ Մերձավոր Արևելքում երաշխավորել իր կողմնակիցների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը… հետևաբար տրամաբանական է, որ նա շարունակի մնալ այն դաշինքում, որին անդամակցում է: Դա կարող է առաջացնել որոշակի, այսպես ասենք, ծախսեր կամ վնասներ, բայց այդպիսին է ընտրությունը: Ինքը հայ ժողովուրդը պետք է որոշի: Ոչ ոք չի պարտադրում, դաշինքը միշտ էլ կամավոր երևույթ է: Ինձ թվում է, որ այս դաշինքը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, Հայաստանի միակ, օպտիմալ, տրամաբանական, պատմական, նորմալ ընտրությունն է:

– Դուք խոսեցիք Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի մասին, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ: Այս եռյակը մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաև Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի շրջանակներում:

– Նախ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից և Ռուսաստանի մասնակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ:

Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արևմուտքին, որը, չհասկանալով տարածաշրջանի խնդիրները և չկարողանալով նույնիսկ լուծել սեփական ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գործուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային և կրոնական խմբերի միջև հարաբերությունների մեծ փորձ, կարող են փոխլրացնել միմյանց նման հարցերում: Օրինակ՝ Ռուսաստանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկրում ապրում են նաև մեծ թվով մուսուլմաններ, ուստի չենք կարող նայել մուսուլմաններին որպես մեր թշնամիների: Թուրքիան և Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիային ազգային ընդհանրության հիման վրա կապված է ադրբեջանցիների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրության հիման վրա՝ հայերի հետ, առավել ևս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր: Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հետաքրքրություններն ու գերակայությունները, և դրանց գումարման և ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կարող ենք հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, մանավանդ, որ շրջանների ազատագրման ալգորիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ: Խոսքը Երևանի և Բաքվի միջև կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հասկանում եմ, որ թե՛ Երևանում և թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բառից սկսվում է ճիչ ու ոռնոց, և դա միանգամայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է:

Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել, որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այնուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կողմից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսևորում, կարող է կարևոր և նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էապես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:

– Բայց նման նախագիծ գոյություն չունի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ուզում եք ասել, որ նման նախագի՞ծ կա:

– Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է:

– Ինչպե՞ս եք վերաբերվում պատերազմի վերսկսման կանխատեսումներին: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենն իր «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի: Նոր էսկալացիայի ռիսկեր կա՞ն:

– Այո, իմ կարծիքով՝ կան: Ցավոք սրտի, կան, և ամենամեծ ռիսկն այն մտավախությունն է, որն արտահայտում է ամերիկյան կողմը: Կա այսպիսի հասկացություն՝ կոգնիտիվ կամ տեղեկատվական պատերազմ: Եթե ինչ-որ մեկն ասում է, թե այսինչ հակամարտությունը հավանական է, ուր որ է կսկսվի, բոլորը սկսում են սպասել այդ հակամարտությանը: Ես դասախոսությունների ժամանակ բազմիցս պատմել եմ հետևյալ պատմությունը: Սիրիայի հակամարտության ամենասկզբում Ալ-Ջազիրա հեռուստաալիքով հեռարձակվում է Հալեպում տեղի ունեցող բողոքի ցույցը: Մարդիկ դուրս են գալիս փողոց, նայում են՝ ոչ ոք չկա հրապարակում, բայց քիչ առաջ նրանք տեսել էին այդ նույն հրապարակը, որտեղ մեծ բազմություն էր հավաքված: Բայց երբ նրանք եկան, հրապարակն արդեն լցված էր, որովհետև բոլորը դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Իսկ իրականում հեռուստացույցով ցուցադրվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն՝ սկզբից լինում է տեղեկությունը, հետո մտավախությունը, իսկ հետո տեղի է ունենում այդ իրադարձությունը: Ամենամեծ վտանգն այստեղ այն է, որ այս կոնֆլիկտը շատ ձեռնտու է Ամերիկային, որովհետև կվարկաբեկի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ո՛չ հայերը և ո՛չ էլ ադրբեջանցիները որևէ նշանակություն չունեն ամերիկացիների համար: Նրանք ընկալում են այս ժողովուրդներին որպես պայմանական հասկացություններ քարտեզի վրա: Հետևաբար, կարծում եմ, որ այս վտանգը կա, բայց ես նորից եմ ասում, որ կան ծրագրեր դրանից խուսափելու համար:

նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Загрузка...

loading...