Հայաստանի ճանապարհի հարցը փակեցին

151
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:

Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից: Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ նախորդ տարի հունվարին թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց. և մոտ են իրականացման համաձայնության հասնելուն: Մեկ տարի անց պատկերը կարծես թե լիովին փոխվել է:

Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի և Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարը ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել:

Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը: Բայց չէ՞ որ Վրաստանի եվրատլանտյան կուրսը նորություն չէր նաև մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր և առավել լուրջ զարգացումներ:

Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը և ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա: Հազիվ թե: Բայց, մյուս կողմից, իսկ պե՞տք է դա ի վերջո Հայաստանին, թե՞ վերջապես պետք է հրաժարվել այդ պատրանքներից և զբաղվել իրական ու առավել խորքային այլընտրանքների որոնումով, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհների փոխարեն, այլընտրանքային շուկաների: Ո՞րն է ավելի հասանելի և իրատեսական, ու որն է ավելի ռազմավարական:

Նյութի աղբյուևը՝  «Առաջին լրատվական»

Загрузка...

loading...