«Հերոսները», «վաստակավորները»… կամ այլ խոսքով՝ ծառաները. «Առաջին լրատվական»

637
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Այսօր Հայաստանն ունեցավ թվով 17-րդ ազգային հերոսը, երրորդը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Սերժ Սարգսյանն այսօր անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան` Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Եթե Չեքիջյանին համեմատենք Սերժ Սարգսյանի կողմից հերոսի կոչման արժանացած Նիկոլայ Ռիժկովի և Էդուարդո Էռնեկյանի հետ, նա նույնիսկ արժանի է այսօրվա կոչմանը: 1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել: Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն): Իրապես փայլուն մշակութային և ստեղծագործական կեսագրություն` ներդաշնակված հայրենադարձության գաղափարի հետ: Մյուս կողմից` հայտնի մտավորականը բնավ էլ անխոցելի ղեկավար չի եղել, ինչի վկայությունն են այդ տարիների մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ:

Սակայն մեծանուն մտավորականի անձից անկախ ու նրա գործոնից դուրս` շատ ավելի էական է այն հանգամանքը, որ հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մեր հանրային կյանքը, հարաբերությունները զրկեցին գնահատման նշաձողից, չափանիշներից: Մարդկանց գնահատման, արժևորման հարցում կարևոր գործոններ դարձան ոչ թե նրանց իրական ծառայությունները, բացառիկ ներդրումը, հասարակության կարծիքը, այլ` իշխանության սուբյեկտիվ ընկալումը, պրովինցիալ ճաշակը:

Սերժ Սարգսյանն, իր նախագահության շրջանում, ազգային հերոսի կոչում է շնորհել երեք գործչի, ովքեր բոլորը, բարեբախտաբար, կենդանի են ու տակավին չեն հասցրել գնահատվել պատմության կողմից, դառնալ պատմական կերպարներ: Մեր գնահատմամբ` հենց պատմության օբյեկտիվ գնահատականը, հանրային ընկալումն են այն կարևոր գործոնները, որոնք դառնում են հերոսի ընտրության չափանիշ: Մարդը, գործիչը, առաջին հերթին պետք է հերոսանա հանրային տրամադրությունների մակարդակում, այլապես` պետական կնիքը չի կարող հանրության աչքերում հերոսացնել որևէ մարդու: Սերժ Սարգսյանի հրամանագրերը, ցավոք, չեն համապատասխանում այս չափանիշներին, եթե նույնիսկ դրանք խիստ ու պահանջկոտ են: Եթե նախագահի սուբյեկտիվ ընկալումը չէ առանցքայինը հերոսի կոչում շնորհելու հարցում, ապա ինչո՞ւ, օրինակ, այդ կոչմանը չի արժանացել Օհան Դուրյանը, որը, բացի մասնագիտական բառացիկ հմտություններից` իսկական մտավորական ու քաղաքացի էր: Պատճառը կարծում ենք ակնհայտ է` Դուրյանը չի ծառայել իշխանություններին, կարողացել է պետության անանց արժեքը տարանջատել իշխանության անցողիկ շահից:

Կոչումները Հայաստանում էժանացել, արժեզրկվել են` պետությունը նույնացնելով արքունիքի հետ: Մյուս կոչումների հարցում Սարգսյանն ավելի «առատաձեռն» է, ըստ այդմ` անպատասխանատու պետության առջև: Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանին և Սամվել Ֆարմանյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Այս պատգամավորների հիմնական «արժանիքը» Սերժ Սարգսյանին ծառայելն է…

Հեղինակ՝ Սարգիս Արծրուն

Загрузка...

loading...