Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը. ո՞վ է հասցեատերը

407
Загрузка...

«Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման, պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հատկապես այսօր, երբ Հայաստանի խորհրդարանը կոնսոլիդացված, միաձայն կողմ քվեարկեց կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին, որոնցով խստացվում է պատիժն ընտրակեղծարարության համար, թվում է՝ Փաշինյանի նման կոշտ արձագանքի անհրաժեշտությունը չկար, առնվազն ենթադրելի է, որ դրա հիմնական թիրախը հին համակարգը չէ։ Եթե անգամ ՀՀԿ որոշ գործիչներ երեկ և այսօր խիստ քննադատության են ենթարկել կառավարության գործունեությունը, դա եղել է ավելի շուտ ինքնապաշտպանական բնազդի, քան համակարգված հակազդեցության հետևանք։ Համենայնդեպս, Փաշինյանի ականջը նման քննադատության սովորել է, ու նա հազիվ թե նման կոշտ գնահատականի արժանացներ մասնավոր քննադատությունները։

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի լակոնիկ, բայց կտրուկ գրառումն արվել է միանգամայն այլ կոնտեքստում ու հասցեագրված է այլ սուբյեկտների։

Պուտին-Փաշինյան վաղվա հանդիպումից առաջ Մոսկվան ևս մեկ անգամ ակնհայտորեն հասկացրեց, որ բանակցությունները պատկերացնում է իր օրակարգով՝ Փաշինյանից պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Ընդ որում՝ ակնկալիքներն առավելապես վերաբերում են Հայաստանի ներքին գործերին, ինչի մասին Ռուսաստանի իշխանություններն այսօր անուղղակիորեն ևս մեկ անգամ հասկացրին Երևանին։ Կրեմլին մոտ կանգնած «Ինտերֆաքս» գործակալությունը ժամեր առաջ հաղորդագրություն տարածեց, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է։ Սա Մոսկվայի ոչ երկիմաստ ուղերձն էր Հայաստանին, որ ցանկալի չի համարում Մարտի 1-ի գործի բացահայտումը, համենայնդեպս՝ ամբողջ ծավալով։

Ահա այս լուրին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը, ինչը հուշում է, որ պաշտոնական Երևանը մտադիր չէ տեղի տալ ճնշումներին, առնվազն Հայաստանի ներքաղաքական օրակարգը դարձնել Մոսկվայի հետ հարաբերությունների սակարկության թեմա։ Պուտինի հետ վաղվա հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետը հասկացնում է, որ երկկողմ հարաբերություններում այլևս չի կարող գործել վասալային ռեժիմը, ու Մոսկվան պարտավոր է հաշվի նստել նոր իրողությունների հետ։ Փաշինյանն, անշուշտ, գերադասել է անուղղակի արձագանքման ինստիտուտը, սակայն նման մարտավարությունը միանգամայն արդարացված է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան իր ուղերձը Հայաստանին փոխանցել է ոչ թե պաշտոնական հաղորդագրությամբ, այլ լրատվական գործակալության դեմքով։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի գրառումը ունի բազմաշերտ թիրախավորում, հասցեականություն։ Այն կանխարգելիչ հարված է հայաստանյան հին համակարգի ներկայացուցիչներին, որոնք, որպես կանոն, չունենալով ռացիոնալ ասելիք, կոնսոլիդացվում ու աշխուժանում են Մոսկվայից եկող նման ազդակների պարագայում։

Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման, պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա. Նիկոլ Փաշինյանի այս գրառման առաջին հասցեատերը, սակայն, Հայաստանի հասարակությունն է, որն այս օրերին շատ դեպքերում դառնում է ռուսական ագրեսիվ քարոզչության ու քրեաօլիգարխիայի մանիպուլյացիաների թիրախը։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն բառերը, որոնք բազմաթիվ անգամներ հնչեցրել է հեղափոխության օրերին՝ կոնսոլիդացնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Նա վճռականությամբ ազդարարում է, որ չի նահանջելու հեղափոխության արժեքներից։

Загрузка...

loading...