Ռուսաստանահայ գործարարների վեճը հասավ Պուտինի ընդունարան

345

«Առաջին լրատվական»-ը գրում է. 

«2Ն Քոմփընի» ընկերության շուրջ առաջացած աղմուկը հասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։

Հիշեցնենք, որ ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տևական ժամանակ՝ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածն ու, իր իսկ խոսքերով ասած` դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։

90-ականների սկզբին գործարար Ռ. Գրիգորյանը Մոսկվայում որոշել է կառուցել բնակելի և առևտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք։ Շինարարությունը սկսվել է 1995 թվականին և ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, և ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին. դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։ Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի և շենքի ընտրված կառավարման ձևի նկատմամբ։

«2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն օրերս եղել է նախագահականի ընդունարանում, իր դիմումն ընդունել են. «Ասել են, որ այն բավականին լուրջ բնույթ է կրում, այդ պատճառով էլ դիմումին պետք է վերաբերել ինչպես հարկն է և այն ուղարկվել է ներքին գործերի նախարարություն, հիմա ես այդ հարցը կարգավորում եմ ՆԳՆ-ի միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ եթե իր դիմումին անարդար, սխալ արձագանք տրվի կամ սխալ ուղղությամբ գործը տարվի՝ ինքը նորից կդիմի նախագահական նստավայր` ավելի կոնկրետ պահանջներով. «Շատ եմ լսում այս օրերին՝ իբրև թե ինձ սպասռնում են և այլն, բայց նման բան չկա, ես սպա եմ, ո՞վ կարող է ինձ սպառնալ: Ես ՌԴ քաղաքացի եմ ու իմ երկրի շահերն եմ պաշտպանում նման մարդկանցից, ոչ ոք չի կարող ինձ սպառնալ։ Եթե հանկարծ ինձ սպառնան՝ ամբողջ միջազգային հանրությունը կներգրավվեմ այս հարցում, նույնիսկ Թրամփին (խմբ. ծիծաղում է)»:

Մեր այն դիտարկմանը, արդյոք չկա՞ հնարավորություն Արա Աբրահամյանի հետ հարցը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, Յուրի Սեմյոնովն արձագանքեց. «Ես որպես ՌԴ քաղաքացի, շատ վրդովված եմ, որ պատվերով քրեական գործեր են հարուցվում, 90-ականները վաղուց ավարտվել են ու ես չեմ ուզում, որ սա շարունակական լինի։ Այո՛, մեզ համար դժվար է, բայց մենք պայքարում ենք այդ արատավոր երևույթի դեմ. այն սպառնում է մեր պետականությանը։ Ես, իհարկե, շատ վրդովված եմ, բայց հաստատակամ ենք՝ այս պայքարը մինչև վերջ տանելու ենք։ Առայժմ որևէ սպառնալիք չկա, հակառակը՝ մարդիկ զանգում են ու իրենց աջակցությունն են հայտնում»,- եզրափակեց Յուրի Սեմյոնովը։

  • Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

նյութի աղբյուրը՝  «Առաջին լրատվական»

 

Загрузка...

loading...