Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել

939
Загрузка...

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց զինծառայող Մանուչար Մ.-ին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող Բաբկեն Գաբոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը նույն արարքի համար մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Բաբկեն Գաբոյանին, այլև Արման Ստեփանյանին:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը

սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում էին զինվորին ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, չեն ընդունել, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ, երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան կամ նրա նկատմամբ երբևէ բռնություն են գործադրել:

Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Հետևաբար՝ ինքնասպանության հասցնելու համար չէ, որ որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի, այլ պետք է բացահայտվեն Մանուչարի սպանությունը կատարողները: Տուժողի իրավահաջորդը հենց այս պահանջով էլ վերաքննիչ բողոք էր բերել:

Այս գործի դատաքննությունն առաջին ատյանի դատարանում տևել է  շուրջ  3 տարի, տեղի է ունեցել 40-ից ավելի դատական նիստ: Գործի քննությունը տևական եղավ նաև վերաքննիչ դատարանում:

Ըստ պաշտպանական կողմի՝ գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ բացթողումներով ու մակերեսորեն: Փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ: Առաջնորդվել են՝ «եթե  առկա է մահվան ելք, ուրեմն կան մեղավորներ» սկզբունքով: Նախաքննությունը տարվել է մեղադրական թեքումով…

Այս գործով հատկապես մեծ կարևորություն ունեն դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:

Առաջին համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դեպքից վեց ամիս անց: Եզրակացության մեջ նշվել է, որ Մանուչարը հոգեպես առողջ է եղել: Դեպքից 40 օր առաջ նրան սկսել են սիստեմատիկաբար ծաղրի ու ծեծի ենթարկել Գաբոյանն ու Ստեփանյանը, Մանուչարն ընկել է դեպրեսիվ վիճակի մեջ, նրա մոտ առաջացել է անելանելիության զգացում, նա սթերս է ապրել: Ըստ եզրակացության՝ տուժող Մանուչարի ծանր հոգեվիճակն ու կատարած քայլը պայմանավորված են եղել Գաբոյանի ու Ստեփանյանի անօրինական գործողություններով:

Դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը՝ ի դեմս փաստաբաններ Ն. Նորիկյանի ու Հ. Անանյանի, միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դատարանը նշանակել է լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Այս անգամ տրված եզրակացությամբ, ի տարբերություն  առաջին եզրակացության՝  տուժող Մանուչարի հոգեվիճակի ու ամբաստանյալ Արման Ստեփանյանի գործողությունների կապը համարվել է… անուղղակի:

Մեղադրող դատախազ Ա. Ամիրյանն ընդհանուր իրավասության դատարանում  ամբաստանյալներին մեղսագրված արարքը հաստատված է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:

Ամբաստանյալներին մեղսագրված հոդվածի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով, նախատեսված է 7-ից 12 տարի ազատազրկում:

Դատախազը միջնորդել էր Բաբկեն Գաբոյանին դատապարտել  8 տարի, իսկ Արման Ստեփանյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով նաև վերոհիշյալ փորձաքննության եզրակացությունը, վերաորակել է Արման Ստեփանյանին մեղսագրված արարքը, նրա մեղավորությունը տուժողին ինքնասպանության հասցնելու մեջ հաստատված չի գնահատել:

Արման Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել միայն տուժողի նկատմամբ գործադրած բռնության՝ ավելի թեթև արարքի համար, և  դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Դատարանը, նկատի ունենալով, որ Արման Ստեփանյանը դատավճռի հրապարակման պահին կալանքի տակ էր 3 տարի 1 ամիս 12 օր, համարել է, որ նա պատիժը լիովին կրել է:

Արման Ստեփանյանը պատիժը լրիվ կրելու հիմքով անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

23-ամյա Արման Ստեփանյանը սպորտսմեն է՝ բազկամարտի բազմակի չեմպիոն:

Զինվոր Մանուչար Մ.-ին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր է ճանաչվել միայն Բաբկեն Գաբոյանը և դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունիսից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Բաբկեն Գաբոյանի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը և տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը:

Մեղադրող դատախազ Ա. Ամիրյանը բողոք չէր բերել, այնպես որ՝ Արման Ստեփանյանի մասով բողոք չկար, դատավճիռը նրա մասով օրինական ուժի մեջ է մտել:

Վերաքննիչ բողոքով Բաբկեն Գաբոյանի շահերի պաշտպանը պահանջել էր մեղսագրված արարքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով, արդարացնել իր պաշտպանյալին՝ ապացույցների անբավարարության և հանցակազմի բացակայության հիմքով: Եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, իր պաշտպանյալի կողմից տուժողին հայհոյելու, ապտակելու կամ ծաղրելու փաստերը հաստատված համարի՝ ապա, ըստ վերաքննիչ բողոքի պահանջի, արարքը պետք է վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 110 և 360 հոդվածներով կամ միայն 375 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանը խնդրել էր արարքի վերաորակման դեպքում Բաբկեն Գաբոյանին դատապարտել  3 տարի ազատազրկման, հաշվակցել կալանքի տակ եղած ժամանակն ու նրան անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում: Իսկ երեք տարուց ավելի երկարաժամկետ ազատազրկում նշանակելու դեպքում՝ կիրառել 2013 թվականի համաներումն ու դարձյալ Գաբոյանին ազատ արձակել դատարանի դահլիճում:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը, իսկ Բաբկեն Գաբոյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ վերաորակել է Բաբկեն Գաբոյանին մեղսագրված արարքը, հաստատված չի գնահատել, որ զինվորին հասցրել են ինքնասպանության: Վերաորակելով մեղսագրված արարքը՝ վերաքննիչ դատարանը Բաբկեն Գաբոյանին մեղավոր է ճանաչել ոչ թե պաշտպանի միջնորդած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին, այլ՝ նույն հոդվածի 2-րդ մասով: Պատժի մասով էլ 1 տարով մեղմացում է կատարվել՝  7 տարի ազատազրկման փոխարեն Բաբկեն Գաբոյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Բաբկեն Գաբոյանի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը մեր զրույցում նշեց՝ վերաքննիչ դատարանը, այո, հաստատված չի համարել Բաբկեն Գաբոյանին առաջադրված մեղադրանքը, կատարել է արարքի վերաորակում: Զգալի  մեղմացում է կատարվել՝ եթե Բաբկեն Գաբոյանին նախաքննական մարմինը մեղադրել, առաջին ատյանի դատարանն էլ մեղավոր էր ճանաչել առանձնապե՛ս ծանր հանցագործության համար, ապա վերաքննիչ քրեական դատարանը նրան մեղավոր է ճանաչել ծանր հանցագործության համար: Մեկ տարով մեղմացվել է պատժաժամկետը:

Սակայն պաշտպանը, այնուամենայնիվ, կատարված վերաորակման հետ համաձայն չէ՝ նրա կարծիքով արարքը պետք է վերաորակվեր նույն հոդվածի առաջին մասով՝ ինչպես միջնորդել էր ինքը իր վերաքննիչ բողոքում:

Փաստաբան Հրանտ Անանյանը նշեց, որ 375 հոդվածի 2-րդ մասը՝ իշխանազանցություն, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, ընդունելի չէ տվյալ դեպքում, մարդու ինքնասպանությունը, մահը «նյութական ծանր հետևանք» չի կարող համարվել: Բացի այդ, ըստ պաշտպանի, վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր բողոքի ծավալից, ինքը չի միջնորդել իր պաշտպանյալի արարքը հոդվածի տվյա՛լ մասով վերաորակելու մասին:

Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված պատիժն էլ  Հրանտ Անանյանը խիստ համարեց՝ 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 3-ից 7 տարի ազատազրկում, Բաբկեն Գաբոյանը դատապարտվել  է 6 տարի ազատազրկման՝ համարյա նախատեսված առավելագույն պատժաչափն է  նշանակվել՝ ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում…

Հրանտ Անանյանը նշեց, որ վճռաբեկության կարգով անպայման բողոքարկելու է դատական ակտը:

Загрузка...

loading...