Վարչապետի «Մաքուր Հայաստան»-ի կեղտոտ բծերը, կամ նոր հարկատեսակ գյուղացիների համար

207
Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կյանքի կոչվող «Մաքուր Հայաստան»-ի նպատակն է քաղաքների, գյուղերի, ճանապարհների մաքրության ապահովումը: «Դա քաղաքացիների, զբոսաշրջիկների և ներդրողների համար մեր երկիրն ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու գլխավոր նախապայմաններից է»,- ասվում է ծրագրի հիմնավորման մեջ: Դրա իրականացման համար մարզերում քննարկումներ կազմակերպվեցին համայնքապետերի հետ, վերջիններիս բացատրելով ծրագրի, հետևաբար և աղբահանության աշխատանքների կարևորությունը: Նույն ընթացքում Տարածքային կառավարման նախարարությունը 5000-ից մինչև 40000 և ավելի բնակչություն ունեցող ավելի քան 40 համայնքներում (հաշվարկներն արվել էին խոշորացվող համայնքների համար) աղբահանության ծախսերի վերլուծություն իրականացրեց՝ պարզելու 1 շնչին ընկնող աղբահանության միջին ծախսը և ինքնածախսածածկման հնարավորությունը: Պարզվեց, որ այդ ծախսը կազմում է միջինը տարեկան 1500 դրամ:

Շեղվելով «Մաքուր Հայաստան»-ից, նշենք, որ վերջին տարիներին աղբահանության առումով հանրապետության գյուղական բնակավայրերում բավականին լուրջ առաջընթաց էր գրանցվել: Եթե մինչև 2010թթ.-երը հանրապետության գյուղական բնակավայրերի բացարձակ մեծամասնությունում աղբահանություն ընդհանրապես չէր իրականացվում, ապա սկսած 2010-ականներից, դարձյալ կառավարության նախաձեռնությամբ, առանց ցուցադրական աղմուկի, գյուղապետարանները բյուջեներում աղբանահության համար գումարներ նախատեսեցին ու գյուղական համայնքներում, տեղական բյուջեների հաշվին աղբահանության լուրջ գործընթաց սկսվեց:

«Մաքուր Հայաստան»-ի դեպքում, վարչապետի հանձնարարականով, 2018թ. հունվարի 1-ից արգելվել է աղբահանության համար համայնքային բյուջեից գումարներ հատկացնել, որոշվել է դա անել բացառապես գյուղում առկա բնակչությունից հավաքվող կանխիկ գումարով: Գյուղապետարանների հետ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռ 2017թ.-ի երկրորդ կեսերին:

Մարզպետարաններում կազմակերպվել են «լսումներ», որտեղ համայնքապետերին տեղեկացվել է նաև, որ համայնքներից աղբահանությունը պետք է իրականացվի միմիայն «Սանիտեք» ընկերության միջոցով: Դա այն դեպքում, երբ Արարատի մարզի բազմաթիվ համայնքների տարածքներում «գործում են» (չեն փակվել) աղբանոցներ, և մինչ օրս աղբահանություն իրականացվել է համայնքներում եղած մեքենաներով: Այդ ծախսերը, ինչպես ներկայացնում են որոշ գյուղապետարաններից, կրկնակի, անգամ եռակի փոքր են նույն աշխատանքն անելու համար՝ «Սանիտեքի» ներկայացրած պայմանագրերի գումարներից: Հայտնի լսումների ժամանակ որոշ համայնքապետեր փորձել են բացատրել, որ նման «հակասություն» կարող է լինել, բայց վերջիններիս հասկացրել են, որ հարցը քննարկման ենթակա չէ:

Մյուս կողմից, որոշ փոքր գյուղերում կատարած հաշվարկներից ստացվել է, որ 1 շնչի հաշվով աղբահանության տարեկան ծախսը կազմում է ոչ թե 1500, այլ՝ ավելի քան 3000 դրամ (ամիսը միջինը 250 դրամ): Բայց մարզպետարանը դրան համաձայն չէ, պահանջում է հավաքագրման մի փոքր մեծ գումար նախատեսել, ելնելով նրանից, որ պայմանավորված վառելիքի գների բարձրացմամբ, գյուղի բնակչության թվի նվազմամբ և նման այլ հանգամանքներով կարճ ժամանակ անց ստիպված չլինեն գումարի չափը վերանայելու, ինչը կարող է դժգոհությունների տեղիք տալ: Ապահովության նկատառումներով առաջարկում է որոշակի մարժա թողնել:

Գյուղապետերի մեկնաբանությամբ՝ այդ դեպքում 5 հոգիանոց ընտանիքը ստիպված կլինի տարեկան նվազագույնը 15-20 հազար դրամ գումար վճարել աղբահանության համար:

«Մեկ հա հողի հարկը կազմում է 20-30 հազար դրամ ու, որպես կանոն, գյուղի 15-20%-ը այդ հարկը տարիներով չի վճարում: Հաճախ նմաններին անհրաժեշտ տեղեկանքները չենք տալիս, դատարանով վախեցնում ենք, որ այդ գումարները գանձենք, իմանալով հանդերձ, որ սրանց մի զգալի մասը իրոք չունեն, որ վճարեն: Աղբի վարձը մի նոր հարկատեսակ է դառնալու գյուղացու գլխին ու մեզ էլ, գյուղացուն էլ կրակը գցի: Մեկ-երկու տարուց մարզպետարանը ստիպելու է գյուղապետերին դատարան դիմել, համագյուղացիներին դատարաններ քարշ տալ աղբի չվճարած 60 հազար դրամի համար: Բայց սա խնդրի մի երևացող կողմն է: Եթե չկարողացանք ժողովրդից անհրաժեշտ գումարը հավաքել ու փոխանցել, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա «Սանիտեքը» դադարեցնելու է աղբահանությունը, մյուս կողմից էլ՝ փողն ամբողջությամբ չփոխանցելու համար մարզպետարանից «զգուշացում» ենք ստանալու: Դրանից խուսափելու համար մի քանի գյուղացու անունով, որպես օգնություն, համայնքի բյուջեից գումար ենք դուրս գրելու և վերաձևակերպելով, որպես գյուղացուց հավաքագրված աղբահանության գումար, փոխանցելու ենք «Սանիտեքին»: Այլ ելք, միանշանակ, չկա: Մենք էլ գիտենք, որ այդպես է լինելու, մարզպետներն էլ: Աղբահանության գումարի մի մասը, այնուամենայնիվ, համայնքի բյուջեից ենք փոխանցելու, ուղղակի զարտուղի ճանպարհով: Ստացվում է, որ «Մաքուր Հայաստան»-ով մեզ մղում են անմաքուր գործարքների: Հանուն ինչի, չենք հասկանում»: Մարզպետարաններից մեկի աշխատակիցն էլ «նկատեց», որ միևնույն է, այդ գումարի մեծ մասը «այլ նպաստ» հոդվածով ձևակերպելու են սոցիալապես անապահով անձանց աջակցություն, և գյուղապետերը իրենց մարդկանց են «օգնելու», աղբահանության դեպքում գոնե գիտենք, որ մուծած հարկերի մի փոքր մասը գնում է համայնքի մաքրությանը:

Համայնքի ընտրյալ ավագանին որոշել է, որ բյուջեից հատկացում է արվելու աղբահանությանը, մինչդեռ մարզպետի բանավոր կարգադրությամբ՝ ավագանու որոշումը չեղյալ է համարվում: Էլ ինչ ինքնակառավարման մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է այս իրավիճակին՝ աղբահանությունը այն քիչ դեպքերից էր, երբ բյուջեի գումարները «ծառայում էին հավասարաչափ համայնքի բոլոր անդամներին»: «Մաքուր Հայաստան»-ով սխալը շտկվում է. զոռբաների, ագահների ու «լավերի» փոխարեն կվճարեն ազնիվներն ու խեղճերը: Իսկ թե դրանից երկիրը որքանով ավելի հարմարավետ կդառնա, պարզ կլինի այն լքողների քանակից:

Загрузка...

loading...