Վենգերը կգնա՞ կտրուկ փոփոխության. Մխիթարյանի դիրքը «Էվերթոնի» դեմ խաղում

309
Загрузка...

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում վաղը Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի «Էվերթոնի» հետ: 25-րդ տուրում «Սուոնսիից» կրած պարտությունից հետո «Արսենալի» երկրպագուները ակնկալում են, որ իրենց սիրելի թիմը «Էմիրեյթս» մարզադաշտում կցուցադրի բոլորովին այլ ֆուտբոլ:

«Սուոնսիի» հետ հանդիպումից հետո լոնդոնյան թիմից հեռացավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Փոխարենը «Արսենալը» համալրվեց Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգով: Չնայած այս ֆուտբոլիստը երկու օր առաջ է տեղափոխվել Լոնդոն, այդուհանդերձ՝ թե՛ վերլուծաբանները և թե՛ երկրպագուները կարծում են, որ Արսեն Վենգերը «Էվերթոնի» դեմ խաղում Օբամեյանգին խաղալու հնարավորություն կտա առաջին րոպեից:

Նախորդ խաղում անհաջող գործեց կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը, և չի բացառվում, որ Վենգերը այս խաղացողին չընդգրկի մեկնարկային կազմում: Ըստ dailystar.co.uk-ի՝ Օբամեյանգի տեղափոխությունը առաջիկա խաղում կստիպի Վենգերին կտրուկ փոխել մարտավարությունը: Մասնավորապես, սպասվում է, որ «Էվերթոնի» դեմ ֆրանսիացի մասնագետը 4-3-3-ի փոխարեն կկիրառի 4-3-2-1 մարտավարական սխեման:

Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ ձախ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Աջ եզրում էլ հանդես կգա Իվոբին, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը:

«Սուոնսիի» դեմ Վենգերը պայքարեց 4-3-3 մարտավարությամբ: Մեսութ Օզիլը խաղում էր հարձակման ձախ եզրում: Ըստ էության խաղալով առանց ենթահարձակվողի՝ կենտրոնական հարձակվող Լակազետը հայտնվել էր շրջափակման մեջ: Փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց որպես փլեյմեյքեր: Նա ստիպված էր շարունակ տեղաշարժվել խաղն ակտիվացնելու համար:

Եթե Վենգերը գնա կտրուկ փոփոխության և պայքարի 4-3-2-1 մարտավարությամբ, կարծում ենք՝ հայ ֆուտբոլիստի գործողություններն ավելի նկատելի և արդյունավետ կլինեն: Չնայած Օբամեյանգը խաղային պրակտիկայի պակաս ունի, այդուհանդերձ՝ նրա նորամուտը «Արսենալում», կարծում ենք, սահուն կլինի, քանզի տևական ժամանակ խաղացել և համագործակցել է Մխիթարյանի հետ:

Տակտիկական այս սխեմայով Մխիթարյանը, Օբամեյանգն ու Օզիլը առջևի գծում կլինեն գլխավոր ֆիգուրները: Մեկ այլ հարձակվող՝ նիգերիացի կիսապաշտպան Իվոբին, որը կգործի ձախ եզրից, կստանա որոշակի ազատություն, քանզի Մխիթարյան-Օզիլ-Օբամեյանգ եռյակի ակտիվ համագործակցության պարագայում «Էվերթոնի» պաշտպանական ներուժը կկենտրոնանա ձախ եզրում և կենտրոնում: Իվոբին հնարավորություն կստանա օգտագործելու բարձր արագությունը: «Սուոնսիի» դեմ խաղում Իվոբին գործեց հարձակման աջ եզրում և երկրորդ խաղակեսում փոխարինվեց:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» 31 միավորով 9-րդ հորիզոնականում է գտնվում: Չնայած նախորդ մրցաշրջանի համեմատ այս ակումբը անկայուն է խաղում, այնուամենայնիվ ունի, այսպես կոչված, պինդ թիմի համբավ: Չմոռանանք, որ «Էվերթոնում» է խաղում Ուեյն Ռունին, որը ամռանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Առաջիկա հանդիպումը ուշագրավ է նրանով, որ իր նախկին թիմի՝ «Արսենալի» դեմ է խաղալու Թեո Ուոլքոթը, որը այս տարվա հունվարին տեղափոխվեց «Էվերթոն»: Նորամուտի խաղում Ուոլքոթը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում «Էվերթոնը» «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում խուսափել էր պարտությունից՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1:1: Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում էլ «Լեսթերի» հետ խաղում Ուոլքոթն ուղղակի փայլատակել էր իր նոր թիմի կազմում: «Էվերթոնը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ «Արսենալի» նախկին հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել:

Բրիտանական մամուլը գրում է, որ հեռանալով «Արսենալից»՝ Ուոլքոթը նոր կյանք է սկսել և շուտով կապացուցի, որ մեծ ֆուտբոլիստ է: Այս հարձակվողն ամեն ինչ կանի «Արսենալի» հետ խաղում էլ աչքի ընկնելու համար: «Ինչ խոսք, հեշտ չի լինի պայքարել մի թիմի դեմ, որի կազմում խաղացել եմ 12 տարի: Բայց ես պրոֆեսիոնալ եմ և պետք է ամեն ինչ անեմ «Էվերթոնին» օգնելու համար: Կյանքը շարունակվում է, և պետք է առաջ նայել: Չեմ կասկածում, որ «Արսենալի» հետ մրցավեճը լինելու է լարված և դիտարժան: Ես պատրաստ եմ և հավատում եմ, որ «Էվերթոնի» երկրպագուներին չենք հիասթափեցնի»,- ասել է Ուոլքոթը:

Նշենք, որ առաջիկա հանդիպումը «Արսենալի» համար շատ կարևոր է լավագույն քառյակում տեղ ունենալու համար մղվող պայքարում: Արդեն 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելու է «Տոտենհեմին», որը գտնվում է 5-րդ հորիզոնականում և 6 միավորով գերազանցում է Վենգերի գլխավորած թիմին:

«Արսենալ»-«Էվերթոն» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին:

Загрузка...

loading...